Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

ԴԱ ՀԵՆՑ ԱՅՆ ԷՐ, ԻՆՉ ԱՍՎԵԼՈՒ ԷՐ «ՀԱՋՈՐԴ ԴԱՍԻ՞Ն» (նախընտրական սագա մեծ քաղաքականության մասին)

ԴԱ ՀԵՆՑ ԱՅՆ ԷՐ, ԻՆՉ ԱՍՎԵԼՈՒ ԷՐ «ՀԱՋՈՐԴ ԴԱՍԻ՞Ն» (նախընտրական սագա մեծ քաղաքականության մասին)
24.02.2012 | 00:00

Բավականին երկար ժամանակ, ու փաստորեն ապարդյուն, հավատում էի, որ, իրոք, դիվանագետին խոսքը տրված է մտքերը թաքցնելու համար: Պարզվեց` դա էլ միֆ է: Թեպետ, աշխատանքի բերումով, համարյա տասը տարի հնարավորություն էի ունեցել համոզվելու, որ մեծ քաղաքականության մեջ խոսքերը չեն որոշողը: Դիվանագետներից մեկն էլ ասում էր, որ խոսքերը հատկապես համոզիչ են լինում, երբ թղթապանակի տակից երևում է ատրճանակը: Իհարկե` փոխաբերաբար: Իհարկե` պատկերավոր: Բայց` ճշգրիտ:
Այս օրերին տասնյակ հրապարակումներ եղան Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ԲՀԿ-ական բենեֆիսի առիթով: Կողմնակալ ու անկողմնակալ գնահատականներ: Լուրջ ու հեռագնա վերլուծության փորձեր: Հրճվանք ու հեգնանք: Միանգամից ասեմ` քաղաքականությանը չեմ անդրադառնալու: Մեծ քաղաքականությանը, որտեղ հերթական արշավանքի նախափորձն է ձեռնարկել նախկին արտգործնախարարը: Չեմ անդրադառնալու, որովհետև այն, ինչ այս օրերին հայտնի ելույթում ու մյուս հրապարակումներում ասել է Վարդան Օսկանյանը, ոչ մի կապ չունի մեծ, ու անգամ փոքր, քաղաքականության հետ: Նա ընդամենը իր գնահատականներն է տալիս, ու իր տեսակետները նույնքան իրավունք ունեն գոյություն ունենալու ու բարձրաձայնվելու, որքան բոլորի: Որքան` բոլորիս: Եվ դա ճիշտ ու նորմալ է: Անհասկանալի Վարդան Օսկանյանը դառնում է, երբ նրա խոսքը հնչում է իբրև ԲՀԿ անդամի խոսք: Նվազագույնը 10 պատճառով:
Նախ` ընդամենը մեկ օր առաջ անդամատոմսը ստացած, թե դեռ գուցե չստացած` նորընծա կուսակցականը իրո՞ք իրավասու է գնահատականներ տալու և հայտարարություններ անելու կուսակցության անունից:
Բարոյակա՞ն է նրա կեցվածքը, երբ այնպես է խոսում ԲՀԿ-ի մասին, կարծես ինքն է հիմնադրել, շահել ու պահել:
Համոզի՞չ է նրա խոսքը, երբ փառաբանում է ԲՀԿ նախագահին, բայց, ձևական նորմերի առկայությամբ, խոսքի բովանդակության մեջ ԲՀԿ գործող նախագահն ուղղակի գոյություն չունի:
Որքանո՞վ են նրա տեսակետները համապատասխանում ԲՀԿ-ի նպատակներին, ծրագրերին, խնդիրներին, մարտավարությանն ու ռազմավարությանը:
Եթե համապատասխանում են, ինչո՞ւ կարկառուն ու արդեն իսկ կուսակցական մունետիկ դարձած գործչի խոսքին չի նախորդել կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու հայտարարությունը:
Եթե չեն համապատասխանում, ինչո՞ւ ԲՀԿ-ի մամլո խոսնակը կամ որևէ այլ անդամ չեն պարզաբանում, որ կոալիցիայի գործունեության դադարի մասին իրենց կուսակցի տեսակետները կուսակցության տեսակետները չեն: Թե՞ ե՛ն...
Ինչո՞ւ Վարդան Օսկանյանին կարգապահական որևէ գնահատական չի տրվում ԲՀԿ-ում, եթե հայտնի են այլ կուսակցականների շատ ավելի անմեղ ու չնչին «մեղքերի» աուտոդաֆեների փաստեր:
Եվ վերջապես` եթե բարոյականությունը, իբրև քաղաքականության մեջ մաշված լաթ, մի կողմ նետենք, իրավական ի՞նչ հիմքեր կան անցած տարիները համարելու, ոչ ուղղակի խոսքով, ձախողված, շարունակ մեջբերելով մինչև 2008-ը ծաղկող ու փթթող երկրի վիճակագրական տվյալները: Ո՞վ է եղել մեղավորը: Որտե՞ղ է եղել այդ տարիներին ԲՀԿ-ն իբրև կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժ ու պատասխանատվության ի՞նչ մասնաբաժին ունի այդ ձախողումների համար: Համենայն դեպս, Վարդան Օսկանյանի խոսքը շատ էր հիշեցնում դաշնակցականների ելույթները 1998 թ., երբ հողմացրիվ էր արվում «նախորդ հանցավոր ռեժիմը», բայց չէ՞ որ ոչ միայն հազարամյակ է փոխվել, այլև երկիրն ու ժամանակը:
ՈՒ եթե իրավականն էլ մի կողմ դնենք, իբրև մեր երկրում ավելորդ կատեգորիա, ո՞ւմ և ի՞նչ, ինչո՞ւ էր ասում Վարդան Օսկանյանը: Դա հենց այն էր, ինչ ասվելու էր «հաջորդ դասի՞ն»:
Եթե այո, ինչո՞ւ էր ասում հենց Վարդան Օսկանյանը:
Արդյո՞ք այսուհետ ասելու ենք Վարդան Օսկանյան և հասկանալու ենք ԲՀԿ, թե՞ ասելու ենք ԲՀԿ ու դեռ հիշելու ենք Գագիկ Ծառուկյանին, այլ կուսակցականների մասին հարցնելն իմաստ էլ չունի: Եվ ի՞նչն էր պակասում Վարդան Օսկանյանին, որ որոշեց ավելացնել կուսակցականանալու միջոցով, կամավո՞ր, թե՞ հարկադրյալ էր նրա քայլը: Հարկադրյալ էր ներսի՞ց, թե՞ դրսից:
Երբ ասում ենք Վարդան Օսկանյան, արդյո՞ք չենք հասկանալու Ռոբերտ Քոչարյան, որ դեռ հարկ չի համարում անձամբ ու իր ողջ հմայքով երջանկացնել քաղաքական դաշտին իր վերադարձով:
Ինչպե՞ս նախկին արտգործնախարարը համաձայնեց ընդամենը զինվորիկ դառնալ այլոց խաղում ու օտար խաղատախտակին. ի վերջո, ակնհայտ է, որ նրա անդամակցումը հենց այս օրերին ու նրա հենց այս ոգով ելույթներն ընդամենը նախընտրական առևտրի մաս են: Իսկ առևտուրն ակնարկում է նախագահական ընտրությունը, բայց վերաբերում է խորհրդարանականին. եթե մեզ չտաք այն, ինչ մենք ուզում ենք, մենք էլ մեր թեկնածուին կառաջադրենք նախագահական ընտրություններում: Ռոբերտ Քոչարյանին չեք ուզում, Վարդան Օսկանյանը կա մեր զինանոցում: Հետո՞ ի՜նչ, որ փամփուշտն ակնհայտորեն պարպված է:
Իսկ գուցե Վարդան Օսկանյանն արդեն իսկ հա՞յտ է ներկայացնում նորից արտաքին գործերի նախարարությունը գլխավորելու` «դարձ ի շրջանս յուր» սկզբունքով:
Թերևս ոչ մի ԲՀԿ-ական անցած տարիներին այդքան չի տվել ՀԱԿ-ի անունը, ինչքան Վարդան Օսկանյանը մի քանի օրում: Ինչո՞ւ: Իրապե՞ս հասկանում ու գնահատում է ՀԱԿ-ի դերն ու նշանակությունը քաղաքականության մեջ ու երկրի կյանքում: Պատմության մեջ: Թե՞ ուզում է մեղքերը քավել 2008-ի մարտյան իր գործունեության, որի ամբողջ իմաստը, ի վերջո, հանգում էր գործող իշխանության անմեղության ու չգործող ընդդիմության մեղավորության ապացուցմանը: Մեզնից քանի՞սն էր այն օրերին հավատում Վարդան Օսկանյանին: Եվ քանի՞սն է հավատալու հիմա:
Փաստորեն, հարցերը ոչ տասն են, ոչ էլ անգամ իմաստ ունի հաշվելը:
Առավել ևս` պատասխան որոնելը կամ պատասխանելը:
Իսկ այս ամենից չի մնում ոչ տարակուսանք, ոչ էլ նույնիսկ ձանձրույթ, մնում է անսահման մի դառնություն, որովհետև վարդանօսկանյաններն ու համանմանները հետևողականորեն ու նախանձելի պարբերականությամբ հայտնվում են, որ շարքային ընտրողին ապացուցեն` դու ավելորդ ես, դու ընդամենը դեկոր ես այլոց բեմադրության մեջ, որովհետև կլոր, ուղղանկյուն կամ քառակուսի ինչ-որ սեղանի շուրջ կհավաքվեն մի քանի մարդ ու կորոշեն, թե որ ընտրությունն ինչ ընթացք է ունենալու, և հետո ԿԸՀ-ն կհաստատի ոչ թե ընտրողների ձայների, այլ հենց այդ սեղանի շուրջը կայացված որոշման պատկերը: ՈՒ ոչ մի նշանակություն չունի` այդ սեղանի շուրջ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ներխորհրդարանակա՞ն, արտախորհրդարանակա՞ն ուժեր կլինեն: Եվ սա է հենց մեծ քաղաքականությունը, որի հետ Վարդան Օսկանյանը, իհարկե, կապ չունի, որի հարաբերությամբ նա ներկայանում է իբրև քավության նոխազ, ինչպես մեզնից յուրաքանչյուրը: Որովհետև մեզնից ոչ ոք ոչինչ չի կարող շահել օտար խաղերից: ՈՒ սա արդեն ոչ թե սագայի նյութ է, այլ դրամայի, բայց մեր օրերում դրաման դադարել է մոդայիկ լինելուց: Մենք առավելագույնն ընդունակ ենք ժանրային միկսերի: Քարը տրաքի` ռիմեյկի:
Հավարտ` մի հույժ քաղաքական հարց. իսկ մայիսի 32-ը կա՞, թե՞ չկա:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 790

Մեկնաբանություններ